Ամեն տարի տարեվերջին՝ նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածը հայտարարվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միամսյակ: Այս 30 օրվա ընթացքում իրականացվում են հաշմանդամության տարբեր կողմերի լուսաբանման, իրազեկման և հասարակական հետաքրքրության խնդրին հրավիրելու ամենատարբեր միջոցառումներ: Այս ավանդույթի շրջանակներում հերթական անգամ Երևանի հ 100 դպրոցում մի շարք միջոցառումներ են նախատեսվել, որոնց մեկնարկը տրվեց նոյեմբերի 17-ին: Նախ դպրոցի նորընտիր տնօրեն տիկին Ա.Աբելյանն իր ողջույնի խոսքը հղեց ներկաներին՝ հավաստելով ավանդույթների և դպրոցի բոլոր օղակների միջև արդյունավետ համագործակցության շարունակականության գաղափարը, ապա հանդիպմանը ներկա ծնողների և մանկավարժների ուշադրությանը ներկայացվեց Հայաստանի Հանրապետությունում հանրակրթության ոլորտում իրավական փոփոխությունների պատմական ակնարկը՝ սկսած 2001թ.-ին ներառական կրթության ներմուծման առաջին փորձերից մինչև 2014-ին հանրակրթության մասին օրենքում յուրաքանչյուր երեխայի՝ հավասար կրթություն ստանալու իրավունքի ամրագրմամբ: Այնուհետև անցում կատարվեց միջոցառման մշակութային կողմին՝ «Ավե Մարիա» 6-րդ դասարանի աշակերտուհի Անահիտի կատարմամբ, ժողովրդական պար Գրիգորյան Մերիի կողմից, և երեք հրաշալի կատարում 3-րդ դասարանցի Հրանտի մայրիկ, օպերայի երգչուհի Ռոզեթ Ուստախարյանի անկրկնելի ձայնով: Իսկ այս ամբողջ ընթացքում 6-րդ դասարանցի Լևոնի վրձինը կերտում էր հայկական հերթական սրբավայրի պատկերը: Հուզված, տպավորված և ոգևորված ամփոփեցինք առաջին հանդիպումը՝ նոր ակնկալիքներով սպասելով մյուս միջոցառումներին:
Նկարները տես...>>>
Նկարները տես...>>>