
Սույն թվականի մարտի 25-ին, Երևանի 100 հիմնական դպրոցի պարսկերեն ուսումնասիրող աշակերտներն, ուսուցչուհու՝ Մարիամ Պողոսյանի ուղեկցությամբ, հյուրընկալվեցին Երևանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի իրանական սրահում: Առիթը Նոռուզն էր՝ իրանական Ամանորը: Հանդիպումը ՀՀ-ում ԻԻՀ մշակույթի նորանշանակ խորհրդական Մաջիդ Մեշքիի և այլ իրանցի հյուրերի հետ էր: Աշակերտները ջերմ իրանական սրահում, Հաֆթ սինի սեղանի շուրջ Իրանի ազգային օրհներգով ազդարարեցին միջոցառման բացումը և վարժ ու սահուն պարսկերենով ներկայացրեցին Նոռուզը, որն, ի դեպ, պաշտոնապես գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ-նյութական մշակութային ժառանգության ցուցակում: Նոռուզը («նո»՝ «նոր» և «ռուզ»՝ «օր» բառերից, հին պարսկերենով՝ «Նոր լույս») նշվում է գարնան առաջին օրը և իրանական օրացույցի տարվա սկիզբն է համարվում։ Այն տոնվում է աստղագիտական գարնանային գիշերահավասարի օրն (արևը անցնում է երկնային հասարակածը և հավասարեցնում է գիշերը և ցերեկը), ինչը, սովորաբար, տեղի է ունենում մարտի 21-ին։ Պատրաստում են ավանդական Հաֆթ սինի սեղան: Հաֆթ պարսկերեն նշանակում է յոթ, իսկ սինը պարսկական այբուբենի 15-րդ տառն է, հայերեն սե տառի համարժեքը։ Այս սփռոցի վրա պետք է շարված լինեն ս տառով սկսվող յոթ իր՝ չքաղված նորածիլ կանաչի՝ ափսեում (սաբզե), ածիկ (սամանու), փշատ (սենջեդ), սխտոր (սիռ), խնձոր (սիբ), աղտոր կամ սումախ (սոմաղ), և քացախ (սեռքե): Նաև ավանդական է սփռոցին դնել այլ իրեր, ինչպիսիք են հայելի, կենդանի ոսկե ձկնիկներ ջրի մեջ, ներկած հավկիթներ, մետաղադրամներ և Ղուրան: Միջոցառման ավարտին գրադարանն աշակերտներին՝ Նոռուզի միջոցարմանն մասնակցելու և ուսուցչուհուն՝ իրանական ընթերցասրահի հետ ակտիվ համագործակցելու համար շնորհակալագրեր տվեց, որը դպրոց վերադառնալուց հետո հանձնեց դպրոցի տնօրեն Արեգա Օհանյանը: Տիկին Օհանյան մասնավորապես նշեց. «Մարդկային հարաբերությունների ձևավորման համար շատ կարևոր է հարևան պետության ժողովրդի պատմությանը, մշակույթին, ավանդություններին ծանոթ լինելը: Իմ կարծիքով մենք ճիշտ ուղու վրա ենք, որովհետև այսօր դուք պարսկերեն լեզվով շատ գեղեցիկ եք ներկայացրել Նոռուզի տոնը, որի համար արժանացել եք շնորհակալագրերի»:
նկարները տես...>>>
նկարները տես...>>>